Տրավման չի դարձնում ավելի ուժեղ
Անգամ հոգեկան առողջության մասնագետների մոտ հաճախ մտայնություն կա, թե տրավմատիկ իրադարձություններ վերապրելը բարձրացնում է մարդու դիմադրողականությունը, կենսակայունությունը, դարձնում է ավելի ուժեղ:
Ու բնական է, որ նման համոզմունքային դաշտում տրավմա վերապրած մարդը սկսում է տրավմատիկ իրադարձությունն իմաստավորել՝ որպես դաստիարակություն, որպես կյանքի խրատ, կոփող փորձառություն, որից պետք է դասեր քաղել, որ որևէ կերպ արժևորել մեր ցավն ու հոգեկան տառապանքը, դառնալ «ավելի ուժեղ»:
Իսկ ի՞նչ դասեր ենք քաղում տրավմատիկ փորձառություններից։ Օրինակ, սովորում ենք, որ․
«Չի կարելի վստահել մարդկանց»
«Ավելի լավ է չփորձել, քան սխալվել»
«Չի կարելի ոչ մի վայրկյան թուլանալ»
«Պետք է սպասել վատագույնին»
«Պետք է կարողանալ կառավարել ամեն մանրուք»:
Ու էլի տարբեր համոզմունքներ, որոնք ժամանակին, երբ տրավման թարմ էր, օգնել են մեզ պահել մեր անձը, իմաստավորել մեր տառապանքը, դարմանել են ցավը, ստիպել են շարժվել առաջ: Բայց հիմա, երբ դրանք արդեն կորցրել են իրենց ֆունկցիան ու խարիսխ են մեր բարեկեցությանը, մեզ շատ դժվար է բաժանվել դրանցից ու «իմաստազրկել» մեր տառապանքը։
Արդյունքում մենք ընտրում ենք պահել մեր դիսֆունկցիոնալ համոզմունքները՝ թեկուզ ի վնաս ինքներս մեզ, որպեսզի ստիպված չլինենք նորովի ապրել այն ծանր հոգեկան ապրումները, որ մեզ պատճառել է տրավմատիկ իրադարձությունը։ Ու գուցե ճիշտ ենք անում։
Հոգեթերապիայում տրավմայի հետ աշխատանքը շատ նուրբ միջամտություն է։ Եթե դիսֆունկցիոնալ համոզմունքները վիճարկելիս պարզվում է, որ դրանք հղվում են տրավմատիկ փորձառություններին, մենք ունենք ռեսուրս մշակելու այդ փորձառություններն ապահով միջավայրում, ամոքելու տրավման՝ միաժամանակ մեղմելով դրա հետ կապված ցավը։
Որից հետո մենք կարող ենք ստեղծել համոզմունքներ, որոնք կհիմնվեն ներկայիս իրողություններին, ոչ թե կառչած կլինեն անցյալից։ Ու լինել ուժեղ, իսկապես ուժեղ՝ բարի, խոցելի ու բաց կյանքի բազմազանության առջև։