Փոփոխությունը սկսվում է ընդունումից
Դրական ընդունումը հոգեթերապիայի կարևորագույն նախապայման է։
Թերապիան ծագում է կոնտրինտուինտիվ հիմնադրույթից, որ «ես կարող եմ փոխվել միայն այն ժամանակ, երբ ընդունում եմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ»։
Ու ընդունում ասվածը այստեղ պետք է հասկանալ ոչ թե հավանել իմաստով, այլ որպես «ոչ դատողական վերաբերմունք»։ Բայց անգամ այդ պարագայում այս արտահայտությունը հաճախ վիճարկումների առիթ է տալիս։
Դրա համար եկեք հասկանանք՝ ինչ է նշանակում «փոխվելը» առանց դրական ընդունման: Հատկապես, որ շատերիս այս ճանապարհը, կարծում եմ, ծանոթ է։
Դիցուք, կա ինչ-որ բան, որը ես չեմ հավանում՝ կապված, օրինակ, իմ սովորությունների, հարաբերությունների ոճի, արտաքին տեսքի, հուզականության հետ, ու ես պատրաստ եմ քայլեր ձեռնարկել, որ դա փոխեմ։
Շրջանցելով ընդունումը, համարելով, որ ընդունումը հետ կպահի փոխվելուց, ես մոտիվացիաս փնտրում եմ թերություններս շտկելու հրամայականի մեջ։
Կենտրոնանալով թերությունների վրա՝ ես սկսում եմ ֆրուստրացվել դրանց մասին մտածելիս, բայց համարում եմ, որ դա լավ է ու կստիպի ինձ ազատվել դրանցից։
Գնալով համոզվում եմ, որ չեմ կարող ինձ լավ զգալ, քանի դեռ կան իմ հետ կապված բաներ, որոնք ես չեմ հավանում։ Ճարահատյալ ես դիմում եմ լուծումների, որոնք ինչ-որ կերպ կմոռացնեն, կվերացնեն կամ կմեղմեն այն, ինչը մերժում եմ իմ մեջ՝ թեկուզ ինքս ինձ վնասելու գնով։
Մի գեղեցիկ առավոտ հայտնաբերում եմ, որ այն, ինչից փախչում էի ու ինչի դեմ պայքարում, սկսում է հեռվացնել ինձ սեփական անձից, որ ինքս իմ մասին պատկերացումները դարձել են ստորացնող, արժեզրկող ու առհամարող։ Անգամ առաջընթաց գրանցելու դեպքում, իմ թերի լինելու զգացումը այլևս թույլ չի տալիս, որ սիրեմ ու հարգեմ ինձ։ Ես ընկնում եմ ինքնախարազանման կրկնվող ցիկլի մեջ, որտեղ մեղադրում եմ ինձ վատ զգալու համար, ու վատ եմ զգում ինձ մեղադրելիս։
Իսկ հիմա կարևորը։
Այս ամբողջ ճանապարհը շատ, շատ բնական է։ Ու սա առաջին ընդունումն է այս ցիկլից դուրս գալու համար։ Որոշներիս ոչ դատողական վերաբերմունքը խորթ է եղել, որովհետև ընտանիքում սովորել ենք հակառակին, որոշներս տրավմատիկ փորձի միջով ենք անցել, ու ընդհանրապես՝ շատ հարցերում դրական ընդունումը դժվար, երբեմն էլ ցավոտ պրոցես է, որը լրիվ օքեյ է անցնել օգնող հարաբերություններում՝ անկախ նրանից, թե կողքինները ինչ կարծիք ունեն այդ կապակցությամբ։