Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ է ճիշտ դիմել թերապիայի

Եթե զգում եք, որ կան հարցեր, որոնք դժվարանում եք հաղթահարել, կամ նույն խնդիրները կրկնվում են՝ անկախ ձեր գործադրած ջանքերից։ Ընդ որում՝ թերապիայի դիմելիս պարտադիր չէ լինել ճգնաժամում։ Պարտադիր չէ հստակ իմանալ, թե ինչն է սխալ կամ ինչի վրա եք ցանկանում աշխատել։ Թերապիան հենց միջավայր է, որն օգնում է հասկանալ, թե ինչ կարող եք անել սեփական առողջությունն ու կյանքի որակը բարելավելու համար։

Ի՞նչ սպասել առաջին հանդիպումից

Առաջին հանդիպման հիմնական նպատակը ծանոթացումն է։ Ես կներկայացնեմ թերապիայի հիմնական սկզբունքները, Դուք կկարողանաք պատմել, թե ինչն է ձեզ բերել ինձ մոտ։ Միասին կփորձենք հասկանալ, թե ինչով կարող է օգնել թերապիան, և թե ինչպես ենք կազմակերպելու թերապևտիկ պրոցեսը։

Նորմա՞լ է լարվել առաջին հանդիպումից առաջ

Լիովին։ Անգամ եթե նախկինում արդեն ունեցել եք թերապիայի փորձ, առաջին հանդիպումը կարող է ուղեկցվել անորոշությամբ կամ անհանգստությամբ։ Դա բնական է։ Իմ առաջնային նպատակներից է այնպիսի միջավայր ստեղծելը, որտեղ դուք կզգաք Ձեզ ապահով ու հասկացված։ Հաճախ հենց դա օգնում է, որ լարվածությունը հանդիպման ընթացքում աստիճանաբար նվազի։

Որքա՞ն հաճախ են անցկացվում հանդիպումները

Հիմնականում թերապիայի ընթացքում նախատեսվում է շաբաթական մեկ հանդիպում, քանի որ դա հնարավորություն է տալիս պահպանել աշխատանքի շարունակականությունը։ Սակայն հանդիպումների հաճախականությունը միշտ որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով ձեր նպատակները, հնարավորությունները և ընթացիկ կարիքները։

Սովորաբար որքա՞ն է տևում թերապիան

Թերապիայի տևողությունը տարբեր է յուրաքանչյուր դեպքում։ Երբեմն մի քանի ամիսը բավական է կոնկրետ խնդրի շուրջ աշխատելու համար, իսկ երբեմն էլ մարդիկ նախընտրում են ավելի երկարաժամկետ թերապիա՝ խորքային փոփոխությունների, անձնային աճի կամ տևական դժվարությունների հետ աշխատելու նպատակով։ Թերապիայի ընթացքն ու տևողությունը որոշում ենք միասին՝ ըստ ձեր կարիքների։

Ի՞նչ մեթոդներով ենք աշխատելու

Իմ աշխատանքը հիմնված է ԿՎԹ (Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա) և ԱՇԴՎ (Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում) գիտահեն մոտեցումների վրա։ Կարող եք կարդալ դրանց մասին հետևելով հղումներին։ Ինձ համար կարևոր է, որ թերապիան լինի հնարավորինս ապահով, անվնաս և հարմարեցված ձեր կարիքներին։

Արդյո՞ք թերապիայի ընթացքում պետք է խոսել անցյալի մասին

Հիմնականում՝ այո։ Անցյալի փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել, հատկապես երբ այն շարունակում է ազդել ձեր ներկա կյանքի վրա։ Սակայն թերապիան պարտադիր չէ, որ կենտրոնանա միայն անցյալի վրա։ Մենք միասին կորոշենք, թե ինչն է տվյալ պահին առավել կարևոր և օգտակար։

Արդյո՞ք այն, ինչ խոսում ենք թերապիային, գաղտնի է

Գաղտնիությունը թերապիայի հիմնարար սկզբունքներից է։ Հանդիպումների ընթացքում ձեր կողմից տրամադրված տեղեկությունը պահպանվում են գաղտնի՝ բացառությամբ օրենքով և մասնագիտական էթիկայով սահմանված որոշ բացառիկ իրավիճակների, որոնց մասին նախապես կտեղեկացնեմ ձեզ։

Հնարավո՞ր է հանդիպել օնլայն

Այո։ Ես աշխատում եմ ինչպես Երևանում, այդպես էլ օնլայն՝ աշխարհի տարբեր տեղերից այցելուների հետ։ Եթե ցանկանում եք կապ հաստատել, կարող եք լրացնել ստորև ներկայացված ձևաթուղթը։

Ամրագրել հանդիպում

Եթե ցանկանում եք գրանցվել հանդիպման, խնդրում եմ լրացնել ձևաթուղթը՝ տրամադրելով մի քանի տվյալ Ձեր մասին և նշելով հանդիպման ձևաչափը։

Ձևաթուղթը ստանալու նույն կամ հաջորդ օրը ես կկապվեմ Ձեզ հետ, և միասին կընտրենք հարմար ժամ առաջին հանդիպման համար։